ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԴՐԱԽՏԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

ԴՐԱԽՏԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
07.05.2010 | 00:00

Փոփոխությունները, իհարկե, անհրաժեշտ են: Ով ասի` անհրաժեշտ չեն, նա քաղաքացի չէ: Հայ չէ: Կամ էլ հայ է ու քաղաքացի, բայց Հայաստանում չի ապրում: Կամ էլ ընդհանրապես չի ապրում, այլ գոյատևում է: Կամ էլ ապրում է հայկական սերիալում: Մի խոսքով, փոփոխություններն անհրաժեշտ են: Անցանք առաջ: Ոչ թե «Առա՛ջ, Հայաստան», որովհետև պարզ չէ` դեպի ուր, ինչքան ու ինչպես, այլ առաջ` դեպի մտքի բարձունքները: Միտքը կա, քանի որ երեք հազար տարվա պատմություն ունի: Բարձունքները կան, քանզի մենք ենք, մեր սարերը: Բարձունքների շուրջը պարելու փորձն էլ կա, քանի որ պարացրել են: Ամեն ինչ կա: Բացի փոփոխություններից: Այսինքն` ամենակարևորը չկա: Երբ ամեն ինչ կա, բայց ամենակարևորը չկա, մարդիկ սկսում են նյարդայնանալ: Բարկանալ: Վերլուծել: Անիծել: ՈՒ կա՛մ հավատն է փլվում, կամ ընտանիքը, կա՛մ պետությունը: Մի խոսքով, ինչ-որ բան հաստատ փլվում է: Բացի բարձունքներից, որոնք անսասան են: Հետո նույն բարձունքներին հայտնվում են բոլշևիկներն ու ասում` դե, ամեն ինչ փլուզեցինք, հին աշխարհը գրողի ծոցն ուղարկեցինք, հիմա սկսում ենք նոր աշխարհ կառուցել: Տաք սրտով, սառը գլխով ու մաքուր ձեռքերով: Հին, բայց միշտ երիտասարդ ու անսասան հայկական բարձունքների վրա: Բա դա մեզ պե՞տք է: Ճիշտ է, Շանթը գրել է «Հին աստվածները», բայց հաստատ ուրիշ բան նկատի ուներ: Ինչ նկատի ուներ Շանթը, հասկանալի է: Ի՞նչ նկատի ունեն մեր իշխանությունները` դեռ հասկանալի չէ: Այսինքն, հասկանալի էլ չէ` ի՞նչ-որ բան նկատի ունե՞ն, թե՞ ոչ: Չնայած, երևի թե պիտի նկատած լինեն, որ իրավիճակը բարդ է, իսկ առջևում ընտրություններ են: Որոնցում, իհարկե, կարելի է հաղթել և առանց լուրջ փոփոխությունների, բայց այդ դեպքում հաղթանակն էլ լուրջ չի ընկալվի:
Տարբեր ուժեր տարբեր փոփոխություններ են առաջարկում: ՈՒժերի ներածի չափով: Ոմանք առաջարկում են Հայաստանը դարձնել դրախտ: Քաղաքական, տնտեսական ու սոցիալական: Հետաքրքիր առաջարկ է, բայց մի քիչ համարձակ, առավել ևս, որ ոչ ոք դրախտում չի եղել (եթե, իհարկե, Ադամն ու Եվան հայ չեն) ու չի պատկերացնում այնտեղի անցուդարձը: Մյուսները հակված են Հայաստանը պահելու քավարանի կարգավիճակում: Քավել այստեղ նախկին կյանքերի մեղքերը` հայրենասիրական պոռթկումների ու միաժամանակ սրտխառնոցի նոպաներով տառապելով, ինչը զուտ հայկական հիվանդություն է, հետո մեկնել զարգացած երկրներ նոր մեղքեր կուտակելու: Քանի որ բարիքները զարգացած երկրներում շատ են ու բազմապիսի, իսկ պայքարն այդ բարիքների համար` թեժ ու սկզբունքային: Կամ էլ` հակառակը: Ապրել զարգացած կամ զարգանալու ցանկություն ունեցող երկրներում ու երեք տարին մեկ գալ Հայաստան` մեղքերը քավելու: Այս տարբերակում Հայաստանն ընդամենը պատմական հայրենիք է, որտեղից կարելի է մի բուռ հող տանել, դնել բարձի տակ ու մեկ-մեկ սրտաճմլիկ երազներ տեսնել: Իհարկե, պատմական հայրենիքն էլ է հայրենիք, բայց ավելի շատ պատմական է, քան իրական: Տիգրան Մեծ, ծովից ծով, երազից երազ: Մի խոսքով, թռիչքներ երազում և արթմնի: Ֆիլմի սյուժե է: Գուցե Կաննի փառատոնի համար: Կամ էլ` Օսկարի: Չնայած մեկ միլիոնանոց ամերիկյան հայության մեջ, բացի Մամուլյանից, որը շատ վաղուց էր, ոչ մի հայտնի հայազգի ռեժիսոր այդպես էլ չհայտնվեց: Կանադայում հայտնվեց: Ռուսաստանում ու Ֆրանսիայում` նույնպես: Ամերիկայում` ոչ: Տարօրինակ է, բայց փաստ` հեքիաթների մայրաքաղաք Հոլիվուդը հայերի վրա լավ չի ազդում: Բայց մենք շեղվեցինք բուն նյութից, որը ոչ թե Հոլիվուդի, այլ փոփոխությունների անհրաժեշտության մասին է: Եվ տարբերակների, որոնցից մեկը, իհարկե, դժոխայինն է: Սա չենք քննարկի, չնայած այդպիսի ուժեր էլ կան, ու դա էլ է հնարավորություն: Ի վերջո, ի՞նչ է ժողովրդավարությունը, նույնիսկ հայկական ժողովրդավարությունը, եթե ոչ ընտրություն տարբեր հնարավորությունների միջև: Իսկ ո՞ր նորմալ մարդը և, մասնավորապես, նորմալ հայ մարդը կընտրի դժոխքը, բնականաբար, եթե էքստրեմալ տուրիզմի սիրահար չի: Ոչ ոք չի ընտրի, Պողոսից սկսած, նախագահով վերջացրած:
ՈՒրեմն, պարզեցինք, որ էզոթերիկ փոփոխություններն ընդամենը հետևանք են, որ առաջ են գալիս սոցիալական, տնտեսական ու քաղաքական փոփոխությունների արդյունքում: Պարզեցինք, որ դրախտը ցանկալի է, բայց անհավանական, քավարանը հավանական է, բայց սովորական, դժոխքն էլ ճաշակի հարց է: Ով ցանկություն ունի, կարող է գնալ այնտեղ: Իսկ ով չունի, պետք է սատարի փոփոխություններին: Քանզի մոտենում են ծանր ժամանակներ, և դրանց դիմակայել հնարավոր կլինի միայն փոխվելով մասնավորապես ու փոխելով երկիրն ընդհանրապես:
Արամ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ